Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ռեյքի. բուժում ձեռքերի օգնությամբ

Ռեյքի. բուժում ձեռքերի օգնությամբ

Ճապոնական ռեյքի տեխնիկան ճանաչված է ողջ աշխարհում սուշիից և այքիդոյից ոչ պակաս: Այն թույլ է տալիս բուժել ինքն իրեն և ուրիշներին առանց դեղահաբերի, միմիայն ձեռքերի օգնությամբ:

 

Դժվար է հավատալ, որ ձեռքի հպումով կարելի է նույնիսկ հետդաշտանային սինդրոմ բուժել: Բայց ճապոնացիները դա չեն էլ կասկածում: Չէ՞որ նրանք դիտարկում են մարդու մարմինը որպես շրջակա աշխարհի հետ կապված էներգետիկ համակարգ:

 

Այլ խոսքերով՝ ճապոնացու տեսանկյունից քո և աստիճաններով հևիհև ու շտապողաբար մագլցող անծանոթ քեռու միջև ոչ մի սահման գոյություն չունի: Եթե նա կամենա ազատել քեզ մեջքի ցավից, ապա կանգ կառնի, ձեռքերը կդնի մարմնիդ (քո համաձայնությամբ, իհարկե), և ցավը կնահանջի: Դու էլ քո հերթին կարող ես օգնել նրան հաղթահարել արյան բարձր ճնշումը ձեռքի ընդամենը մեկ հպումով:

 

Ռեյքիի մասնագետները վստահ են` միմյանց բուժելու համար մեզ բավական է հաղորդություն ստանալ և հիշել ձեռքերի օգտագործման սխեման (ինչը հաջողությամբ կիրառվում է Ճապոնիայում արդեն 90 տարի): Բացի այդ, պետք է որոշում կայացնենք, որ կամենում ենք օգնել միմյանց հենց այնպես, անշահախնդիր կերպով:

 

Բուն էությունը

 

Ձեռքերի միջոցով բուժումը հորինել է բժիշկ Միքաո Ուսուին 1920-ականներին: Տարբեր աղբյուրներ տարբեր կերպ են ներկայացնում ռեյքիի ստեղծման պատմությունը: Առաջինները պնդում են, որ Ուսուին հայտնություն է ունեցել Քուրամա լեռան մոտ գտնվող մենաստանում: Այլ աղբյուրներ հաստատում են, որ ռեյքիի հիերոգլիֆները նա տեսել է Սութրայում՝ բուդդայական սուրբ տեքստում:

 

Ինչևէ, յոթ տարի անց այն օրվանից, երբ պրն. Ուսուին սկսեց բուժել պարզապես ձեռքերով դիպչելով իր  հիվանդներին, այդ մեթոդը ճանաչվեց ճապոնական կառավարության կողմից, իսկ ևս 10 տարի անց այն սկսեցին կիրառել ամերիկացիները:

 

Ներկայումս Ամերիկայի և Եվրոպայի հիվանդանոցներում այդ տեխնիկան ուսուցանում են բուժքույրերին: Շոյելու և թեթևակի թփթփացնելու միջոցով նրանք չեզոքացնում են ցավը և արագացնում հետվիրահատական վերականգնման գործընթացը: Սեանսը տևում է 30-60 րոպե. հիվանդը պառկում է, իսկ բուժակը ձեռքերը դնում է նրա վրա ըստ ավանդական սխեմայի կամ առաջնորդվելով սեփական ինտուիցիայով: Այդ ընթացքում հիվանդը զգում է սաստիկ թուլություն, ջերմություն, ծակծկոց, քնատություն կամ էլ աշխուժություն:

 

Ուժի դաշտերը

 

Ռեյքիի վարպետ Տատյանա Վոստրովանարդեն տասը տարի է, ինչ ապաքինում է ձեռքերի օգնությամբ: Նա հավատացած է, որ մոտ ապագայում «ՔԻ» էներգիան, որը բժշկողից փոխանցվում է բուժումը ստացողին, հնարավոր կլինի չափել:

 

«Մեկ տարի առաջ ես հանդիպել եմ իմ գերմանացի կենսաֆիզիկոս ընկերներին և քննարկել նրանց հետ այս բնական բուժման տեխնիկան: Նրանք փորձել են չափել «ՔԻ» հոսքերը սեանսների ընթացքում: Արդյունքները դեռ հայտնի չեն»։

 

Ռեյքիի բուժիչ ազդեցության ամենաճշգրիտ բացատրությունը Տատյանան, ինչպես և բժիշկ Ուսուիի արևմտյան հետևորդներից շատերը, կապում են տորսիոն կամ պտտման դաշտերի տեսության հետ (դրանք առկա են մշտապես, այլ ոչ թե գոյանում են իմպուլսի հետևանքով, ինչպես, օրինակ, էլեկտրամագնիսականները ):

 

Սակայն չապացուցված է մնում ևս մի վարկած, համաձայն որի տորսիոն դաշտերը տեղեկատվական են: Դա կարող էր շատ բան պարզաբանել. չէ՞ որ ռեյքիի հետևորդները գտնում են, որ բուժման ընթացքում տեղի է ունենում ոչ միայն էներգիայի, այլև ինֆորմացիայի փոխանակում:

 

Իր ողջ կյանքի ընթացքում բժիշկ Միքաո Ուսուին ուսումնասիրել է պատճառահետևանքային կապը հիվանդության և էմոցիաների միջև: Ի վերջո, նա եկել է այն եզրակացության, որ բացասական ապրումները նյութականանում են հիվանդությունների տեսքով:

 

Հիվանդին օգնելու համար վարպետը գտնում է էներգիայի լճացումն օրգանիզմում և ձեռքերը դնում տվյալ հատվածի վրա: Այսինքն, նա ոչ թե փոխարինում է բացասականը դրականով և լրացնում պակասը, այլ գործի է դնում օրգանիզմի թաքնված պաշարները: Այնպես որ, ռեյքիի տեսանկյունից ապաքինումը ոչ թե բուժողի, այլ բուժվողի ջանքերի արդյունք է:

 

Բաց խողովակ

 

Ռեյքին պրակտիկայում կիրառողը կարողանում է օգնել մարդկանց՝ ընդամենը դիպչելով նրանց իր ձեռքերով, ոչ թե իր բացառիկ ունակությունների, այլ այն բանի շնորհիվ, որ նա կարողանում է հաղթահարել բացասական էմոցիաներն ավելի լավ, քան ուրիշները:

 

Այսպես, եթե դու կամ վերոհիշյալ շտապող քեռին որոշեիք միմյանց օգնել, դուք պետք է նախ սկսեիք հետևել 5 կանոնների` չզայրանալ, չհուզվել, լինել շնորհակալ, ինքնակատարելագործվել, բարություն ցուցաբերել շրջապատի նկատմամբ:

 

«Մարդը ջրով լի բաժակի է նման, ուր ինչ ասես, որ չկա` բացասական մտքերի քարակտորներ, տգիտության ավազ, - բացատրում է Տատյանա Վոստրովան, - զարգացնելով մարմինդ ու ոգիդ՝ դու զգում ես, թե ինչպես է ցեխը նստում հատակին: Վարպետի հիմնական նպատակն է դառնալ բաժակի մեջ լցված զուլալ աղբյուրի ջուր»։

 

Ռեյքիի սիստեմով ապրելը ենթադրում է ամենoրյա պարտադիր մեդիտացիա, շնչառական վարժություններ, ինչպես նաև բացարձակ անշահախնդրություն. չէ՞ որ ի սկզբանե Միքաո Ուսուին ստեղծել է իր մեթոդը նրանց համար, ովքեր ի վիճակի չեն վճարելու թանկ արժեցող բժիշկներին:

 

«Հիմա ես հաստատ գիտեմ, որ ցանկացած մարդ, անկախ իր կրթությունից և սոցիալական կարգավիճակից, կարող է բացահայտել սա իր մեջ և սովորել բուժել ձեռքերի օգնությամբ: Միակ պահանջը` ցանկանալ ապրել ոչ թե սեփական անձի, այլ ուրիշների համար»,- համոզված է Տատյանա Վոստրովան:

рейки

 

Ռեյքիի պրակտիկան ավանդաբար բաժանվում է մի քանի փուլերի.

 

1-ին աստիճան` մի քանի հաղորդություններից բաղկացած դասընթացներ, որոնք ծանոթացնում են ձեռքերն օգտագործելու սխեմային։

 

2-րդ աստիճան` վարպետը ծանոթացնում է ռեյքիի «ուժի 3 խորհրդանիշերին»։ Արդյունքում առաջանում է հեռավորությամբ բուժելու ունակություն։

 

3-րդ աստիճան` աշակերտը դառնում է վարպետ և սկսում սովորեցնել այլոց:

 

Հաղորդության ընթացքում գերբնական ոչինչ տեղի չի ունենում: Դու նստած ես խուփ աչքերով, իսկ վարպետը քո գլխավերևում ռեյքիի հիերոգլիֆներ է նկարում: Դա տևում է մոտ 10 րոպե: Սուբյեկտիվ զգացողությունները քննարկելն ընդունված չէ: Ռեյքիում համարվում է, որ ակնկալումները խոչընդոտում են լիակատար բացվելուն հաղորդակցվելու ընթացքում:

Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

09.05.2014

Հարգելի Լիլի, Դուք լավ համեմատություն արեցիք՝ դասերս սկսվեցին ու դա օգնեց...  Ամենակարևոր պայմանը զբաղվածությունն է, հատկապես եթե նա իր մեջ պարունակում է օգտակար լինելու զգացողություն, հետ չնայել, միայն առաջ՝ ունենալ նպատակ... Հավատացեք, Դուք ժամանակ չեք ունենա տխրելու կամ բացասական մտքեր ունենալու, և թեկուզ միայն ադքանով կարող եք  գունավորել կյանքը... Նույն տեղը, նույն միջավայրը կդառնան ուրիշ, եթե ուրիշ աչքերով նայեք: Հիշեք՝ նույն տեղում Դուք տխուր եք ու Ձեզ ամեն բան տխուր ու բացասական է թվում, այդ նույնը ուրախ օր ուրախ է տպավորվում: Բայց հո ամեն բան շուրջը նույնն է, չէ՞: Ուրեմն առաջ՝ դեպի նպատակ, լինել օգտակար, ապրել՝ ստեղծելով... և Դուք արդեն գունավոր ու հետաքրքրիր մարդ եք Ձեզ և  Ձեր շրջապատի համար

Լիլի

02.05.2014

Ինչպես կարող եմ ազատվել անցանկալի, բացասական մտքերից? Փորձում եմ լսել մեդիտացիայի երաժշտություն, ինչպես նաև տիբեթյան սկահակների ձայնը, ինչ-որ չափով օգնում է, բայց դա երկար չի տևում և նորից ընկնում եմ այդ մտքերի ազդեցության տակ: Արդեն 5-րդ օրն է: Նման բան եղել է նաև 2 տարի առաջ, այն ժամանակ ավելի թեթև տարա, մտքերով տարված լինելու վիճակը տևեց մոտ 2 շաբաթ, այնուհետև դասերը սկսվեցին և կարողացա ցրվել դասերի շնորհիվ: Խնդրում եմ օգնեք ինձ: Ես 17 տարեկան եմ:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ